Բելգիա-Ֆրանսիա սահմանին անձնագրային վերահսկողություն է սահմանվել

Բելգիան հայտարարել է Ֆրանսիայի հետ իր սահմաններին ժամանակավորապես անձնագրային վերահսկողության միջոցներ սահմանելու մասին՝ այդ կերպ փորձելով կասեցնել Կալեի «Ջունգլի» ճամբարից եկող միգրանտների հոսքը:

BBC-ի փոխանցմամբ, Բելգիայի ներքին գործերի նախարար Ժան Ժամբոնը տեղեկացրել է, որ ոստիկանության մինչեւ 290 աշխատակիցներ կտեղաբաշխվեն սահմանին: «Մենք տեղեկացրել ենք Եվրահանձնաժողովին, որ ժամանակավորապես կշեղվենք Շենգենյան գոտու կանոններից»,- ասել է Ժամբոնը:

Մինչդեռ Ֆրանսիայի դատարանը շարունակում է Կալեի ճամբարից հազարավոր միգրանտների վտարման՝ կառավարության ծրագրերի օրինականության վերաբերյալ հայցի քննությունը: Նախորդ շաբաթ Ֆրանսիայի իշխանությունները «Ջունգլի» ճամբարում գտնվող փախստականներին հայտնել էին, որ մտադիր են վտարել նրանց ճամբարի հարավային հատվածից: Բելգիացիները մտավախություն ունեն, որ այդ փախստականները կուղեւորվեն Բելգիա:

Աղբյուրը՝ Yerkirmedia

You might also like