Սևանում կկառուցվի լճափնյա «Sevan Old Town» զբոսաշրջային քաղաք

Տեքստը հրապարակվել է ԹԵՐԹ․am-ում։ Գործարար Վիկտոր Մնացականյանի նախագիծը միտված է զբոսաշրջային ճանաչված ուղղություն դարձնել Սևանը. հեղինակը Tert.am -ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ մասնավորի գրագետ քայլերի և մասնավոր-պետություն համագործակցության միջոցով հնարավոր է զբոսաշրջային համաշխարհային քարտեզում Սևանա լճի ավազանը դարձնել նոր և հայտնի ուղղություն:

Սևանում կկառուցվի լճափնյա «Սևան օլդ թաուն» զբոսաշրջային քաղաք՝ մասնավոր-պետություն համագործակցության արդյունքումՎիկտոր Մնացականյանը, ով նախկինում եղել է Վենետիկի Բիենալեի հայկական տաղավարի կոմիսարը, մանրամասնեց, որ նախ նախատեսում են կառուցել Հայաստանում առաջին առափնյակը (набережная), որն էլ, իր հերթին, կմիանա նախագծվող «Սևան օլդ թաուն»-ին:

Ներկայացնելով, թե ինչու գաղափարը հղացավ հենց Սևանի համար՝ Վիկտոր Մնացականյանն ասաց. «Մեր ուսումնասիրություններով՝ Հայաստանի զբոսաշրջիկների 90 տոկոսը պարտադիր այցելում է Սևան: Սրան գրեթե հավասարազոր է միայն Գառնի-Գեղարդ ուղղությունը: Բայց Սևանը՝ որպես լոկացիա, ավելի շահեկան դիրքում է նրանով, որ ամառները ներառում է նաև ներքին տուրիզմը. օրինակը, որ Երևանի կամ մարզերի բնակիչները Սևան տարին տարու վրա ավելի հաճախ են այցելում: Բայց Սևանը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու համար նախևառաջ պետք է ազատվել դարն ապրած, անշուք «դոմիկներից»: Գործընթաց, որը մեծ «տեղական պատերազմների» գնով, բայց սկսել է իրականանալ «Սևան ազգային պարկի» Վահե Գուլանյանի հոգատարության շնորհիվ»:

Վիկտոր Մնացականյանի գնահատմամբ՝ Սևան քաղաքին պետք է գրագետ բրենդավորում և նոր իմիջ, ինչի համատեքստում գործարարն ասում է. «Առաջինն այն է, որ Սևան քաղաքը ևս ընդգրկվի տուրիստական թրաֆիկի մեջ: Ժամանակին քաղաքը կառուցվել էր լճից հեռու որոշ պատճառներով, նաև հասկանալի, քանի որ այն ժամանակ դեռ պարզ չէր՝ ջուրը պետք է ավելի բարձրանա՞, թե իջնի: Ինչևէ, դրանից ելնելով՝ Սևանը կտրված մնաց, ու ամենավատն այն է, որ մայրուղին բաժանեց քաղաքը ծովից: Իսկ հիմա ժամանակն է, որ քաղաքը դառնա հարմար զբոսաշրջիկների իջևանելու համար: Օրինակ՝ կարելի է փորձել բացել «հոստելներ» կամ B&B-ներ: Նայեք՝ Սևանը քաղաքը ձևավորվել է նաև Ելենովկա գյուղի հիման վրա, բայց, ցավոք, քաղաքի նախկին շինություններն իրենց օրիգինալ տեսքով չեն պահպանվել: Իսկ հետագայում՝ 60-ականներին վերակառուցված, բայց լճից կտրված քաղաքն առավելագույնս հարմարավետ չդարձավ որպես առողջարանային-հանգստյան քաղաք»:

Ըստ Վիկտոր Մնացականյանի՝ վերը նշվածն է վկայում այն, որ ամեն տարի Սևանա լիճ այցելում է 1 միլիոն մարդ, բայց այս 1 միլիոն մարդուց Սևան քաղաք տարվա մեջ առավելագույնը 1000-ը կարող է մտնել:

Իսկ քաղաքի բարեկարգման-վերակառուցման գաղափարն այն է, որ մարդիկ կարողանան գալ, արձակուրդը անցկացնել Սևան քաղաքում, ինչպես ուրիշ ծովափնյա քաղաքներում՝ Բաթումի, Սոչի, Բուդվա: Սրա համար կարևոր նախադրյալ է դիտվում հանգստացողի երեկոյան զբաղմունքը:

Բայց, ըստ Մնացականյանի՝ վերջին տարիներում Սևանում անգամ փողոցի նորմալ ցուցանակ չկա:

«Մենք ուզում ենք, որ լինեն նորմալ պայմաններ, մարդիկ գան և լիարժեք հանգիստ վայելեն»,-ամփոփելով՝ հեղինակն ասաց, որ Սևան քաղաքը զբոսաշրջային առումով ավելի գրավիչ դարձնելու համար պետք է քաղաքին «մի քիչ ճարտարապետական դեմք» հաղորդել:

Այս խնդրով ներկայումս զբաղվում է արդյունաբերական դիզայնով զբաղվող մասնագետների թիմը, որոնք փորձելու են Սևանի համար հատուկ տարբերանշաններով ճանաչելի կանգառներ, հատուկ նստարաններ, հատուկ աղբամաններ նախագծել և մշակել:

Որպես Սևանին ճարտարապետական տեսք հաղորդելու առաջին քայլ՝ հեղինակը պատրաստ է իր անձնական միջոցներով քաղաքի 1 պատմամշակութային շենք վերանորոգել: Այս առումով արդեն իսկ ունեն Սևանի քաղաքապետարանի և քաղաքապետի աջակցությունը:

Վիկտոր Մնացականյանի նախագծի մյուս՝ 2-րդ բաղադրիչն առափնյակի կառուցումն է: Ըստ հեղինակի՝ Հայաստանը նախկին ԽՍՀՄ միակ երկրներից է, որն ունենալով քաղցրահամ ջրային ռեսուրս՝ լիճ կամ ծով, չունի պրոմենադ՝ առափնյակ, ինչի արդյունքում Սևան այցելողը կամ պետք է գնա «հաց ուտելու» կամ լողալու: Ավելին՝ Սևանա լճի ափին չկա գեթ մի տեղ, որտեղ կարելի է ընկերներով զբոսնել, երեխաներին տանել զբոսանքի: Այդ իսկ պատճառով Վիկտոր Մնացականյանն ու թիմը կանգ են առել առափնյակի կառուցման գաղափարի վրա և այս հարցում ևս ակնկալում են մարզային իշխանությունների համագործակցությունը:

Առափնյակն ունենալու է մոտ 20 մետր լայնություն և 1 կիլոմետր երկարություն, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան անվճար անցկացնել իրենց հանգիստը:

Նախագծի մյուս բաղադրիչը «Սևան օլդ թաուն» զբոսաշրջային քաղաքի կառուցումն է: Ծրագիրը նախ ներկայացվել է ՀԶԳ-ին և Զբոսաշրջության պետական կոմիտե, որի ղեկավար Զարմինե Զեյթուցյանն էլ՝ կառավարության ղեկավարին:

Համաձայն ծրագրի՝ նախագծվելու է քաղաք՝ ընդհանուր 6-15 հեկտարի վրա, որից բուն «Սևան օլդ թաունը» կկազմի 6 հա. նախագծվելու է հնաոճ՝ որպես մի քանի հարյուր տարվա «վիզուալ հնության» քաղաք: Այն պետք է կառուցված լինի հայկական ճարտարապետական լավագույն ավանդույթներով՝ զարդանախշերով ու լուծումներով, սակայն կլինեն նաև եվրոպական ճարտարապետական լուծումներ՝ «սպիտակ կամ բաց գույնի քարով ոճավորված հին շենքերի տեսքով»:

Հեղինակն ասում է, որ քաղաքում չեն լինելու մեքենաներ, այն բաղկացած է լինելու հիմնականում 2 կամ մինչև 3 հարկանի շենքերից, ունենալու է ադմինիստրացիա, որը կատարելու է քաղաքապետարանի գործառույթներ, քաղաքում լինելու են 20-ից ավելի ռեստորան-սրճարաններ, հրապարակներ, զվարճանքի վայրեր, հանդիսությունների սրահներ՝ հարսանիքների և տարբեր ընտանեկան միջոցառումների համար, կառույցներ՝ որտեղ հնարավոր կլինի գիտաժողովներ և այլ բիզնես հանդիպումներ անցկացնել, spa կենտրոններ, թանգարան, բուժկետ:

Շենք-շինությունների ճարտարապետությունը, դիզայնը ծայրից ծայր որոշելու են հեղինակները: Ըստ Վիկտոր Մնացականյանի՝ բնակարանների սեփականատերերը անգամ 1 պատուհան չեն կարող փոխել առանց հեղինակների և քաղաքային ադմինիստրացիայի համաձայնության:

Պատասխանելով հարցին, թե ինչու՝ «հին քաղաք», Վիկտոր Մնացականյանն ասաց. «Զբոսաշրջիկները Հայաստան գալիս են որպես հինավուրց պատմություն, մշակույթ ունեցող երկիր՝ ենթադրելով, որ եկեղեցիների կողքին կան նաև հին քաղաքներ: Բայց, ցավոք, մենք այդպիսիք չունենք, և Երևանի ամենահին կանգուն շենքն ընդամենը 130 տարեկան է: Երբ մենք զրուցում էինք ոլորտի բիզնես խորհրդատուների հետ, բոլորը միաբերան պնդում էին, որ անշարժ գույքը, որը գտնվում է որևէ ջրային օբյեկտի մոտ, 35-40 տոկոսով ավելի գրավիչ է: Նույնը վերաբերում է «Սևան օլդ թաուն» առողջարանային քաղաքին, որը տուրիստների համար վաղը 40-70%-ով ավելի գրավիչ է լինելու, հատկապես՝ ամռան ամիսներին»:

Վիկտոր Մնացականյանը տեղեկացրեց, որ շուտով Երևանում կբացվի «Սևան օլդ թաուն»-ի գրասենյակ, որտեղ մակետների և բիզնես պլանների տեսքով կներկայացվեն նախագծերը, և ներդրողները հնարավորություն կունենան ապագայում կառուցվելիք շենքերից բնակարաններ կամ կոմերցիոն տարածքներ գնել:

«Նախագծի բանակցությունների և ստրատեգիական զարգացման հարցերով աջակցում են Հայաստանի զարգացման գործակալության արդեն նախկին տնօրեն Կարեն Մկրտչյանը և նույն գործակալության աշխատակից և ոլորտի լավագույն ու սրտացավ մասնագետներից Սյուզաննա Ազոյանը, ում ջանքերի շնորհիվ ստացվեց պայմանավորվածություն ձեռք բերել AECOM-ի միջազգային կազմակերպության հետ, և արդեն ունենք իրենց մասնագետների՝ Հայաստան ժամանման օրերը՝ սկսելու համար նախագծի վիզուալիզացիայի մասը»,-ասաց Վիկտոր Մնացականյանը՝ հավելելով, որ ծրագրին իր աջակցությունն է հայտնել Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նշենք, որ նախագծի վիզուալիզացիայի համար աշխարհահռչակ կազմակերպության ներկայացուցիչները «Սևան Ազգային պարկի» պատվերով կաշխատեն նա Սևանի թերակղզուն ժամանակակից և ներդաշնակ տեսք հաղորդելու վրա:

Վիկտոր Մնացականյանի ներկայացմամբ՝այս կազմակերպությունը չստացված նախագծեր գրեթե չունի և վերջին ծրագիրն իրականացրել է Մայորկա կղզում՝ «Հայաթ» հյուրանոցային ցանցի համար. նախագծել և կառուցել են մեգա- հյուրանոց, որի կողքին ստեղծել են հին քաղաք:

«Իրենք բավական մեծ փորձ ունեն այս ոլորտում, աշխատել են Արաբական Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում, Սինգապուրում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Ասեմ, որ մասնագիտացած են բոլոր գործոնները՝ բնակչության, եղանակի, լանդշաֆտի և այլ ռիսկերը հաշվի առնելու և բիզնես պլանների մշակման հարցում»,-մանրամասնեց նախագծի հեղինակը:

Վիկտոր Մնացականյանը մտահղացումը կյանքի կոչելու համար պատրաստվում է առաջիկայում մասնագետների հետ այցելել եվրոպական նմանատիպ փոքր ծովափնյա քաղաքներ՝ ծանոթանալու այնտեղի փորձին, ավանդույթներին ու լուծումներին:

You might also like