Սևանում գործում են 5 անվճար հանրային լողափներ, ևս 5-ը կառուցվում են

Սևանա լճի ափին գործում է 5 հանրային անվճար լողափ, ևս հինգը նախատեսվում է շահագործման հանձնել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը` խոսելով ամառային հանգստի ամենալավ սեզոնին հանրային լողափերի և դրանց մատուցած ծառայությունների շուրջ:

Նա նշել է, որ այս պահին Սևանա լճի անվճար ափերը հինգն են, որոնք ևս հինգով կավելանան այս տարի: Ըստ նրա` նախատեսվող հինգի համար շինարարական աշխատանքներ են իրականացվում: Աշոտ Ավալյանը հույս հայտնեց, որ սեզոնի ավարտին դրանցից երկուսը շահագործման կհանձնվեն: «Գործող երկու հանրային լողափերը կառուցվել են պետական բյուջեի միջոցների հաշվին և անցյալ տարվանից գործում են: Անվճար ափերի ծառայությունները հետևյալն են` անվճար ավտոկանգառ, բուժծառայություն, փրկարար ծառայություն, մանկական և սպորտային խաղահրապարակներ, արևային լոգանք ընդունելու աթոռներ, հանդերձարան»,- մանրամասնեց բնապահպանության նախարարության ներկայացուցիչը` հավելելով, որ վճարովի է միայն սննդի հետ կապված ծառայությունը:

Անդրադառնալով վճարովի լողափերին` նա ասաց, որ դա մասնավոր բիզնես է, նախարարությունն իրավասություններ չունի նրանց գնային քաղաքականության վրա ազդելու համար, դա իրենք են սահմանում: Ըստ նախարարության ներկայացուցչի` դա նորմալ պրակտիկա է, երբ ափը վճարովի է: «Եթե մարդն այդ ափը վարձակալությամբ վերցրել է, նա վարձավճար է մուծում, որն ինչ-որ կերպ պետք է կոնպենսացվի: Ինչի՞ համար է վարձակալում այդ ափը, եթե շահույթ պետք է չունենա»,- նշեց Աշոտ Ավալյանը` շարունակելով, որ որևէ սեփական տարածք կամ ափ Սևան ազգային պարկի տարածքում չկա, քանի որ այն հատուկ պահպանվող տարածքի հող է, որտեղ կարող է լինել միայն վարձակալություն: / 1in.am

You might also like