Զբոսաշրջիկները վտանգել են իրենց կյանքն ու ազատությունը կետի հետ լուսանկարվելու համար

Կալիֆորնիայից մի խումբ զբոսաշրջիկների կարող են ձերբակալել այն բանի համար, որ նրանք շոյել են կետին և տեսանկարահանել դա․ հայտնում է  Metro-ն։ 

Ամերիկյան Anchor Charter Boats ընկերության նավը  մոտեցել է մոխրագույն կետին, և նավի անձնակազմը թույլատրել է զբոսաշրջիկներին շոյել նրան։ Շրջակա միջավայրի պահպանության փորձագետները նշում են, որ էքսկուրսիայի կազմակերպիչները նահանգային օրենք են խախտել, որը արգելում է մոտենալ ծովային կաթնասուններին  92 մետրից շատ։ Կետը կարող էր ուժեղ հարվածել պոչով և սպանել ուղևորներին։

«Ես, մեղմ ասած, ցնցված եմ։ Դա, իհարկե, կազմակերպիչների մեղքն է։ Ընկերությունը պետք է տեղյակ լիներ, որ նման օրինախախտման համար կարող է տուգանվել 25 հազար դոլար և կորցնել նավը», —իրավիճակը մեկնաբանել է Կենսաբանության կենտրոնի ներկայացուցիչ Սթիվ Ջոնսը։ Զբոսաշրջիկներին սպառնում է ազատազրկում կամ  10 հազար դոլար տուգանք։

Նավի կապիտան Ռիչարդ Տորնտոնը  USA Today-ին տված հարցազրույցում փորձել է արդարացնել կատարվածը․ «Մենք երբեք բացասական արձագանք չենք ստացել զբոսաշրջիկներից։ Բոլորը հիացած էին կետով։ Պարզ է, որ նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում։ Մոխրագույն կետը ուրախ էր մեր հետ շփման համար այնքան, որքան՝ մենք։ Մենք ոչնչով չենք խախտել օրենքը» (Metro-ի մեջբերումը)։

Փետրվարին Չիլիի բնակիչները ափում հայտնված կապույտ կետի վրա փորագրություններ էին արել ու արժանացել համացանցի օգտատերերի զայրույթին։ Դեպքը տեղի էր ունեցել Պունտա Արենաս քաղաքում։ Մի քանի հոգի սելֆի էին արել սատկած կաթնասունի հետ։ Ինչ-որ մեկն էլ նրա մարմնի վրա դանակով  սիրո խոստովանություն էր փորագրել ՝ ուղղված Անա անունով աղջկա։

You might also like