Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի այս ամռանը

Տուրիստական նորություններին այժմ կարող եք բաժանորդագրվել այստեղ և օրական 1 նյութի տեսքով ստանալ բոլոր նորությունների անոնսները:

———————————

Ստեփանակերտի օդանավակայանն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Ներկայումս ինքնաթիռներ են ձեռք բերվում եւ հավաքագրվում է օդանավակայանի անձնակազմը. ըստ novostink.ru-ի` հայտարարել է ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Վալերի Ադբաշյանը:

Ըստ նրա` երբ նախապատրաստական փուլն ավարտվի, կսկսվեն թռիչքները: Առաջին օդանավը, որով կիրականացվի առաջին չվերթը, նվիրել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: «Մենք ծրագրում ենք առաջին չվերթն իրականացնել ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին: Թեեւ ինքնաթիռը նոր չէ, սակայն սկզբնական շրջանում լրիվ բավարար է»,- ասել է Ադբաշյանը:

Ինչ վերաբերում է նոր ինքնաթիռներ ձեռք բերելուն, ըստ նրա, դա ֆինանսավորումից է կախված: «Մեզ հետաքրքրում են Embraer ինքնաթիռները, իհարկե, մեր հետագա ձեռքբերումները պետք է բացարձակապես նորը լինեն»,- ընդգծել է ԼՂՀ քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավարը:

Անդրադառնալով Բաքվի` ղարաբաղյան ինքնաթիռները կործանելու սպառնալիքին` Ադբաշյանը հայտարարել է, որ վերջին շրջանում ադրբեջանցիները, կարծես, հանդարտվել են: «Նման հարց ինձ տվեց BBC-ի լրագրողը, եւ ահա, թե ինչ պատասխանեցի նրան. Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության տնօրենը Արիֆ Մամեդովն է, նա էր սպառնալիքներ տեղում: Նրա անունը թարգմանաբար նշանակում է лох, հարիֆ: Հավանորեն` ոչ իզուր: Եթե նման բաներ հայտարարեր, ասենք, հակաօդային պաշտպանության հրամանատարը, պաշտպանության նախարարը, ուժային կառույցի ներկայացուցիչ, հնարավոր է` ինչ-որ մեկը որոշակի լրջությամբ վերաբերվեր դրանց: Սակայն այդ Արիֆը ընդամենը քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար է»,- ընդգծել է Ադրբաշյանը:

Բացի այդ, ըստ նրա, Ադրբեջանը ICAO-ի` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ է, հետեւաբար` ստորագրել է այն կոնվենցիան, ըստ որի` անդամ բոլոր երկրները պարտավոր են սպառնալիքներ չստեղծել քաղաքացիական օդանավերի ուղեւորների համար: Նրանք կարող են ստիպել, որ ինքնաթիռը վայրէջք կատարի, սակայն ուղեւորատար ինքնաթիռ կործանելու իրավունք չունեն:

Ըստ Ադբաշյանի` քաղաքակիրթ երկրներում միջազգային օրենքը վեր է ներպետական օրենքից: «Եթե Ադրբեջանում այլ կերպ են մտածում, դա նրանց խնդիրն է: Իր հայտարարություններով Մամեդովը հերթական անգամ ցույց տվեց, թե ում հետ գործ ունենք: Եթե պաշտոնական Բաքուն չի ճանաչում իր իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիան, ապա նրան հարկավոր է հեռացնել ICAO-ից»,- ասել է նա: / Yerkir.am

You might also like