Կապան-Երևան չվերթի ավիատոմսերը 30-40 հազար դրամ կարժենան

Կապան-Երևան ու հակառակ ուղղությամբ չվերթների համար ինքնաթիռ է գնվել: Այդ մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ 2017 թվականի առաջին կիսամյակի վերջերից սկսվել են Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, որոնց արժեքը 2 միլիոն դոլար է:

«Պայմանագիր ենք կնքել չեխական ավիաընկերության հետ, գնել ենք L-410 մակնիշի ինքնաթիռ», – ասել է Հակոբյանը Սյունիքի մարզպետարանում լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը:

«19 տեղանոց ինքնանթիռ է, որը կատարելու է չվերթներ Կապանից-Երևան ու հակառակ ուղղությամբ», – ասել է մարզպետը՝ հավելելով, որ ինքնաթիռի արժեքը 5,5 միլիոն եվրո:

«1,5 միլիոնն իր վրա է վերցրել Պղնձամոլիբդենային կոմբինատը, մյուս գումարը լիզինգի տեսքով է լինելու», – ասել է. Հակոբյանը:

Սյունիքի մարզպետը վստահեցրել է, որ Կապանի օդանավակայանի կառուցումը իրենց համար բիզնես ու կոմերցիոն ծրագիր չէ: «Պետք է հեշտացնենք սյունեցու ու բոլորի գալ-գնալը մարզ, մենք խիստ կակտիվացնենք կյանքը մարզում: Մեծ հույսեր ենք կապում», – ասել է Վահե Հակոբյանը:

Մարզպետն ընդգծել է, որ դեռ տոմսերի գները վերջնական որոշված չեն, սակայն ասել է, որ նախնական 30-40 հազար դրամի սահմաններում է լինելու:

«Լինելու են սուբսիդավորված տոմսեր ուսանողության, առողջական խնդիներ ունեցող մարդկանց համար, որ նրանց կարողանանք շտապ Երևան հասցնել», – ասել է. Հակոբյանը:

Նա հավելել է նաև, որ գնված ինքնաթիռն արդեն մարտին կլինի Հայստանում:

Աղբյուրը՝ Panarmenian.net
You might also like