Խոսրովի արգելոց. «Ընձառյուծի հետքերով»

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում նախորդ շաբաթ տեղամասային պահպանության տեսուչները Կովկասյան ընձառյուծ են նկատել. լրագրողների հետ զրույցում հպանցիկ տեղեկացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի փորձագետ Ալեքսանդր Մալխասյանը, անմիջապես շեշտելով՝ թե իրենք պետք է փաստեր հավաքեն՝ տեղեկության իսկությունը ստուգելու համար:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Ռաֆիկ Պետրոսյանը հաստատում է. «Լավ կասեմ՝ ընձառյուծին աչքով տեսել ենք, երևի մեկ շաբաթից, անպայման, կփորձենք ապացույցներով տեսնել, ֆոտոթակարդները դրված են, կնկարենք, նոր կտեղեկացնենք»: Փոխտնօրենը հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել՝ միայն նշելով, որ տեսուչներն ընձառյուծին նկատել են Խոսրովի արգելոցում:

«Ընձառյուծի հետքերով» տեղեկատվական արշավը «Խոսրովի անտառ» պետական արգելոց լրագրողների համար կազմակերպել էր Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF Հայաստան) «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

Բնության համաշխարհային հիմնադրամի «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշեց, որ Կովկասյան ընձառյուծի ապրելավայրերը հենց «Խոսրովի անտառ» պետական արգելոցից է սկսում. «Բավական երկար տարիներ այստեղ ընձառյուծ եղել է և հիմա էլ մենք տեղեկություններ ունենք, որ պարբերաբար նկատվում է, բայց ավելի շատ հիմա մեր մոտ հարավում է դիտարկվում»,-ասաց նա և ընդգծեց, որ իրենք ֆոտոթակարդերով և դաշտային մշտադիտարկումներով հետևում են ընձառյուծին և նրա որսի տեսակներին՝ բեզոարյան այծերին, հայկական մուֆլոններին և այլն:

Արսեն Գասպարյանը խոստովանում է, որ արգելոցում տեսուչներ կան, որ 15 տարվա մեջ երբևէ ընձառյուծի չեն հանդիպել, սակայն ֆոտոթակարդները ժամանակ առ ժամանակ նրանց ֆիքսում են։

«Ականատեսները նշում են, որ տեսել են, արժանահավատ է արդյո՞ք այդ տեղեկությունը, չեմ կարող ասել, բայց մեր ֆոտոթակարդներով, որ ֆիքսված է՝ կա 7-9 ընձառյուծ»,-ասաց նա և հիշեցրեց մի քանի տարի առաջ Զանգեզուրի լեռնաշղթայում նկատել էին մայր ընձառյուծին, որին պայմանական Եվա անունն են տվել, և որը 2-3 ձագ է ունեցել: «Այդ ձագերն արդեն մեծացել են և հույս ունենք, որ տարածվել են հարավային վայրերում»,-ասաց նա:

Արսեն Գասպարյանը հստակեցրեց, որ ընձառյուծի բնակատեղին միայն Հայաստանում չէ և նրանք ավելի շատ են Իրանում, իսկ Հայաստան-Իրան, Հայաստան-Նախիջևան ճանապարհը ընձառյուծների մշտական տեղաշարժի տարածքն է։ «Կենդանիները սահմաններ չեն ճանաչում և ուստի կարևորում ենք սահմանային վիճակը, որը բացասական դեր է խաղում վայրի բնության կենդանիների համար»,- ասաց նա:

Ռաֆիկ Պետրոսյանի խոսքով՝ արգելոցում, որի տարածքը 24 000 հա է, որսագողություն ընդհանրապես չկա և կենդանական աշխարհի աճ կա: Ըստ նրա՝ ընձառյուծների ավելի հաճախ այդ կողմերում երևալը պայմանավորած կարող է լինել Հայաստանում բեզոարյան այծերի թվի ավելացման հետ: «Վիճակը շատ լավ է: Ֆոտոթակարդներով ավելի շատ բեզոարյան այծն են տեսնում, արջ, վարազը քիչ է »,-ասաց նա:

Ալեքսանդր Մալխասյանը հաստատեց՝ արգելոցում բեզոարյան այծերի, արջերի նորմալ քանակ կա, բացի դրանից՝ վայրի խոզ է հանդիպում, լուսան, գայլ, իսկ ֆոտոխցիկը վերջին անգամ ընձառյուծ է ֆիքսել 2013թ-ին:

Ի դեպ, լրագրողները ճանաչողական այցի ժամանակ Ալեքսանդր Մալխասյանի օգնությամբ մի խումբ բեզոարյան այծերի տեսան, ֆոտոթակարդներ տեղադրեցին և տարածքը դիտարկեցին:

Աղբյուրը` ԹԵՐԹ.am

You might also like